Ունե՞ք աղետներից վերականգնման (DR) պլան, որը թույլ կտա արդյունավետ դիմակայել համավարակներին, ջրհեղեղներին, հրդեհներին, կիբերհարձակումներին և նմանատիպ իրավիճակներին։ Երբ միջադեպը զարգանում է անսպասելի ուղղությամբ, միանգամից շատ բան կարող է սխալ ընթանալ։
Պատկերացրեք, որ կիբերհարձակման պատճառով Ձեր ընկերության աշխատանքը կանգ է առել։ Որքա՞ն արագ կկարողանաք վերականգնել ՏՏ գործընթացներն ու շարունակել աշխատանքը։
Բիզնեսի անընդհատության (BC) լավ մտածված պլանն օգնում է պահպանել բիզնեսի կարևոր գործառույթները կամ վերականգնել աշխատանքը լուրջ խափանումներից հետո։ Այնտեղ նկարագրված են գործընթացները, որոնց պետք է հետևել, երբ որևէ իրադարձություն ծանր ազդեցություն է ունենում Ձեր բիզնեսի վրա։
Անկախ նրանից՝ փոքր բիզնես ունեք, թե խոշոր ընկերություն, Ձեր հաջողությունը մեծապես կախված է անբարենպաստ պայմաններում մրցունակ մնալու կարողությունից։ Բիզնեսի անընդհատության արդյունավետ պլանի հիմնական առավելություններից երեքն են հաճախորդների վստահության աճը, ընկերության հեղինակության ամրապնդումն ու շուկայական արժեքի բարձրացումը։
Ինչի՞ց սկսել
Սկսեք հիմունքներից։ Որպեսզի հստակ պատկերացում կազմեք և սահմանեք բիզնեսի անընդհատության պլանի (BCP) ներդրման նախագծի շրջանակը, տվեք Ձեզ հետևյալ հարցերը։
1. Ի՞նչ համակարգեր ենք մենք շահագործում։
2. Ինչպե՞ս է այդ համակարգերի պարապուրդն ազդում մեր բիզնես գործընթացների վրա։
3. Որքա՞ն գումար կկորցնի ընկերությունը, եթե համակարգը դադարի աշխատել։
Հաջորդ քայլը՝ այդ պատասխանների հիման վրա
Առաջին 3 հարցերի պատասխաններից ելնելով՝ որոշեք հետևյալը։
4. Ի՞նչ KPI արժեքների պետք է համապատասխանի մեր լուծումը։
5. Ի՞նչ գործիքներ են մեզ անհրաժեշտ այս ռազմավարությունն իրագործելու համար։
Այս հարցերի մանրամասն պատասխաններն առաջին քայլն են դեպի բիզնեսի անընդհատության այնպիսի պլան, որը ճշգրիտ համապատասխանում է Ձեր կարիքներին։ Սպասվող ֆինանսական կորուստների հիման վրա կկարողանաք որոշել նաև աղետներից վերականգնման նախագծի բյուջեն։
Հաջողության չափանիշները սահմանելու համար անհրաժեշտ է որոշել Ձեր KPI-ները։ Ահա դրանցից հիմնականները։
- Վերականգնման կետի նպատակային արժեք (RPO)
- Վերականգնման ժամանակի նպատակային արժեք (RTO)
- Վերականգնման պատուհան (recovery window)
- Համակարգի ավելցուկայնություն (redundancy)
KPI-ների արժեքներն իրենց հերթին ցույց կտան, թե ինչ գործիքներ օգտագործել։
Ինչպես տեսնում եք, ամեն ինչ հենվում է KPI-ների վրա։ Եթե դեռ չեք փաստաթղթավորել Ձեր DR լուծման KPI-ները, ժամանակն է դա անել։ Այս շարքի հաջորդ մասերում մանրամասն կանդրադառնանք գործիքներին ու գործընթացներին՝ յուրաքանչյուր KPI-ի համար առանձին։