Աղետներից վերականգնման պլանավորմանը նվիրված հոդվածում մենք քննարկեցինք, թե ինչպես ընտրել բիզնեսի անընդհատության (BC) և աղետներից վերականգնման (DR) ճիշտ KPI-ները։ Այժմ տեսնենք, թե ինչպես օպտիմալացնել այդ KPI-ները, որպեսզի դրանք համապատասխանեն Ձեր բիզնես նպատակներին։
Ցուցանիշներով ենք սահմանում հաջողությունն ու ձախողումը, իսկ տարբեր ցուցանիշներ պահանջում են գործողությունների տարբեր պլաններ։
Այս առաջին մասում կխոսենք վերականգնման կետի նպատակային արժեքի (RPO) և դրա օպտիմալացման մասին։
1. Հաճախ ստեղծեք պահուստային պատճեններ
Որքա՞ն հաճախ եք ստեղծում Ձեր տվյալների պահուստային պատճենները (backup)։ Եթե դա անում եք օրը մեկ անգամ, Ձեր առավելագույն RPO-ն 24 ժամ է, այսինքն՝ կարող եք կորցնել մինչև 24 ժամվա տվյալներ։ Դա բարելավելու ամենապարզ ձևը պահուստային պատճեններն ավելի հաճախ ստեղծելն է։ Պարզապես մնացեք ողջամիտ սահմաններում։
2. Օգտագործեք ռեպլիկացիայի և վերահամաժամեցման տեխնոլոգիաներ
Տվյալները ցանցով պատճենելը թույլ է տալիս պահել Ձեր կարևոր տվյալների մի քանի արդիական պատճեն։ Այդպես կարող եք RPO-ն ավելի նվազեցնել՝ առանց անհարկի հաճախ պահուստային պատճեններ ստեղծելու։ Կիրառեք ռեպլիկացիայի և վերահամաժամեցման տեխնոլոգիաներ և կարգավորեք դրանք այնպես, որ համապատասխանեն KPI-ի նպատակային արժեքին։
3. Մուլտիպլեքսավորեք կարևորագույն ֆայլերը
Յուրաքանչյուր համակարգում կան ֆայլեր, որոնք մյուսներից ավելի կարևոր են։ Օրինակ՝ Oracle Database-ում դրանք կառավարման ֆայլերն ու redo log-երն են, և դրանց կորուստը լրջորեն վտանգում է համակարգի վերականգնման հնարավորությունը։ Լուծումը մուլտիպլեքսավորումն է՝ նման ֆայլերի մի քանի ֆիզիկական պատճենի պահպանումը, որպեսզի դրանցից մեկի վնասվելու կամ կորչելու դեպքում մյուսը հասանելի լինի։ Դա կարելի է անել տարբեր եղանակներով՝ ներկառուցված գործառույթներից (ինչպես Oracle-ում) մինչև RAID զանգվածներ։
4. Օգտվեք «սառը» պահուստային համակարգերից (cold standby)
Դիտարկեք տարբերակ, երբ մեկ համակարգը ծառայում է որպես նույնական հիմնական համակարգի պահուստ։ Ի տարբերություն սովորական կլաստերի կամ standby համակարգի՝ «սառը» պահուստային համակարգում ոչ մի ծառայություն չի աշխատում, ուստի Դուք խուսափում եք հաշվողական ռեսուրսների, հիշողության և լիցենզիաների ավելորդ ծախսերից։ Պարզապես համոզվեք, որ կկարողանաք տրամադրել այդ բոլոր ռեսուրսները, երբ պահուստային համակարգը պետք է դառնա հիմնական։ Այս մոտեցումն օգնում է օպտիմալացնել ինչպես տեղային (on-premises), այնպես էլ ամպային DR լուծումները, ինչպես նաև նվազագույնի հասցնել լիցենզիաների ծախսերը։
Շարքի հաջորդ 2 մասերում կանդրադառնանք մյուս KPI-ների օպտիմալացմանը՝ սկզբում վերականգնման ժամանակի նպատակային արժեքին (RTO), ապա վերականգնման պատուհանին ու համակարգի ավելցուկայնությանը։